Սպիտակի Դ. Տեր — Սիմոնյանի անվան հ․2 հիմնական դպրոց

Սպիտակի Դ. Տեր — Սիմոնյանի անվան հ․2 հիմնական դպրոցի նկարագիր

Ողջու՛յն, դպրոց:

Նոյեմբերի 30th, 2016

«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Դ. Տեր — Սիմոնյանի անվանN 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է:

1938թ. սկսվել և 1940 ավարտվել է Սպիտակում կառուցվող երկհարկանի դպրոցի շինարարության աշխատանքները, որը ըստ էության դարձավ Սպիտակի թիվ 2 միջնակարգ դպրոցը և կրում էր Ստալինի անունը: Դպրոցում դասերն սկսվել են 1940թ. դեկտեմբերի 5-ին: Դպրոցի առաջին տնօրեն նշանակվեց Գարեգին Վարոսյանը, նա հետագայում դարձավ Սպիտակի շրջանի ժողկրթության բաժնի վարիչը: Հետագայում   դպրոցի տնօրեններ են աշխատել կրթության երախտավորներ Ստյոպա Սահակյանը, Մերուժան Կարապետյանը, Վաղինակ Ղոչիկյանը, Սամվել Մաթոսյանը, Մելանյա Մաթևոսյանը: Ներկա պահին տնօրեն է աշխատում Լուսինե Մաթոսյանը: Նախորդ դարի 60-ական թվականներին դպրոցը անվանակոչվել է Խորհրդային Հայաստանի խոշորագույն պետական-քաղաքական գործիչներից մեկի՝ ծնունդով Սպիտակից՝ Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անունով: Դպրոցը ժամանակի ընթացքում դարձավ ավանդույթներով և նշանակալի գործերով հարուստ կենսագրությամբ կրթօջախ: Դպրոցի հարյուրավոր շրջանավարտներ, ստանալով կյանքի ուղեգիր, հետագայում դարձան ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, պետության, արվեստի գործիչներ, մարզիկներ, արտադրության առաջամարտիկներ և կազմակերպիչներ, պետական-քաղաքական գործիչներ, զինվորականներ, փաստաբաններ և այլ ոլորտներ ներկայացնող ճանաչված մասնագետներ:

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո դասապրոցեսը շարունակվել է վագոն-տնակներում , այնուհետև  ֆրանսահայ բարերարների օգնությամբ  կառուցվել է դպրոցի նոր մասնաշենք և 1999թ հանձնվել շահագործման, իսկ 2-րդ մասնաշենքը ՝ 2005թ-ին: Նույն ֆրանսահայ բարերարների ՝ հանձինս Ժիլպերն և Ռենե Լևոնյանների և <<Հույս Հայաստանի >> հիմնադրամի  կառուցվել է արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճ և մարզահրապարակ:

Դպրոցում աշխատում են ուսուցիչների և դաստիարակների մի հզոր խումբ : Նրանք աշխատասեր են , չեն բավարարվում իրենց  իմացածով, ուսումնասիրում, փնտրում են  առարկաների  շրջանակներում ձևավորված նորամուծությունները,  ժամանակակիցն ու առաջադեմը, ինչը նպաստում է առարկաների արդյունավետությանը:

Ուսուցչուհները   օժտված են  կազմակերպչական ունակություններով, ունեն  լայն մտահորիզոն, ղեկավարելու, սովորեցնելու, դաստիարակելու կարողություններ:

Ներկայիս տնօրենը նույնպես այդ դպրոցի շրջանավարտ է, ով իր նվիրական աշխատանքով, իր բարձր գիտելիքներով, առաքինությամբ բարձր պատասխանատվություն է  ապահովում  ուսման ու գիտության նկատմամբ, ձևավորելով մեծ աշխարհայացք, բնության, հասարակության վերաբերյալ:Նա  օժտված է մասնագիտական գերազանց կարողություններով և մանկավարժական հմտություններով, գերազանց տիրապետում է ՏՀՏ-ի՝ վերջինիս իմացությունը ներդնելով դպրոցի դասապրոցեսների կազմակերպման գործում: